Նորակոչիկների առաջին խումբը Հայոց բանակ մեկնեց Մարտունի համայնքից

2021 թվականի դեկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել 2021-2022 թվականների ձմեռային առաջին զորակոչը, որի ընթացքում Հայոց բանակ են ճանապարհվել Մարտունի խոշորացված համայնքի նորակոչիկները: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ձմեռային զորակոչը մեկնարկել է ՀՀ ՊՆԶ եւ ԶՀԾ Գեղարքունիքի մարզային կառույցից:

Զորակոչի արարողությանը մասնակցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ բարեմաղթանքի խոսքեր հղելով նորակոչիկներին:

«Սիրելի նորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի զինվորի բարձր կոչմանն արժանանալու համար: Վստահ եմ, որ դուք դաստիարակվել եք հայրենասիրական ոգով եւ պատվով կկատարեք ձեր առջեւ դրված պարտականությունները: Միաժամանակ վստահ եմ, որ այս նույն կազմով կհանդիպենք նաեւ երկու տարի անց, երբ ծառայությունն ավարտած կլինեք եւ հայրենիքին մատուցած ծառայության համար կպարգեւատրվեք: Խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ եմ մաղթում ձեզ»,- ասել է Կարեն Սարգսյանը:

Այնուհետ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է նորակոչիկների օրհնության կարգ՝ ձեռամբ գնդերեց արժանապատիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանի: Արարողությունից հետո նորակոչիկներին բաժանվել են փոքրիկ կտակարաններ: Նորակոչիկների ծնողներն ու հարազատները հպարտությամբ եւ բարձր տրամադրությամբ են բանակ ճանապարհել իրենց զավակներին:

«Այսօր մեր համար առանձնակի օր է, քանի որ մեր զավակներին ճանապարհում ենք Հայոց բանակ: Թող մեր երկրի սահմաններում խաղաղություն տիրի, եւ նրանք պատվով ծառայեն ու վերադառնան իրենց հայրենի օջախներ»,- նշել են նորակոչիկների ծնողները:

Գեղարքունիքի մարզում 2021-2022 թվականների ձմեռային հերթական զորակոչը կանցկացվի դեկտեմբերի 22-ին: